ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2017/18 ՈԻՍՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստ, որի օրակարգը մասնաճյուղի՝ 2017/2018 ուստարվա գործունեության հաշվետվությունն էր: Նիստին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, ՀԱՊՀ գիտական գծով պրոռեկտոր տ.գ.թ., պրոֆեսոր Ա. Գրիգորյանը, «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի տ.գ.դ., պրոֆեսոր  Ս. Աղբալյանը, «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի դեկան տ.գ.թ., դոցենտ Ա. Ֆրանգուլյանը:

Գիտխորհրդի օրակարգին անցնելուց առաջ մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ա. Կոստանդյանն առաջարկեց իրականացնել 2 հաճելի առաքելություն՝ 2017/2018 ուստարում կազմակերպված՝ «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ երկրների մշակութային քաղաք» խորագրով էքսկուրսիայի շրջանակներում կազմակերպված ֆոտո-մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը և մասնաճյուղի՝ վերապատրաստում և ստաժավորում անցած, ինչպես նաև, վերապատրաստման ողջ կուրսն անցած դասախոսներին հավաստագրերի հանձնումը:

Ֆոտո-մրցույթի հաղթողները և դասախոսները  իրենց մրցանակներն ու հավաստագրերը պատիվ ունեցան  ստանալու ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանից: Այնուհետև խոսքը տրվեց մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանին, ով ներկայացրեց մասնաճյուղի գործունեությունը անցած ուսումնական տարում: Հաշվետվությունը ներկայացնելուց հետո եղան բազմաթիվ հարցեր, որոնց Ա. Կոստանդյանը տվեց սպառիչ պատասխաններ:

Ելույթ ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, Ս. Աղբալյանը, Ա. Ֆրանգուլյանը, Ս. Բալասանյանը, Թ. Ավագյանը, Ա. Եղիազարյանը, Լ. Պետրոսյանը, ովքեր նշեցին իրենց գնահատականները և կարծիքները կատարված աշխատանքի վերաբերյալ, առաջարկեցին ուշադրություն դարձնել հաշվետվության որոշ դրույթներին՝ մասնաճյուղի գործունեությունը կատարելագործելու և ավելի բարձր ցուցանիշների հասնելու նպատակով: Ելույթ ունեցողները փաստեցին հաշվետվության՝ իրական պատկերին հավաստիության աստիճանը, շնորհակալություն հայտնեցին մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին՝ կատարած միասնական աշխատանքի համար, մաղթեցին նորանոր նվաճումներ և առաջարկեցին հաշվետվությունը երաշխավորել ՀԱՊՀ գիտական խորհրդին ներկայացնելու:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՊՀ 85 և ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 20-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 26-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում մեկնարկվեց հոբելյանական գիտաժողովը, որը ՀԱՊՀ 85-ամյակին նվիրված գիտաժողովների շարքում 4-րդն էր և միակը՝ մասնաճյուղերի կողմից կազմակերպված: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ովքեր կարևորեցին գիտաժողովի խորագրի ռազմավարական նշանակությունը և մասնաճյուղի դերակատարությունը տարածաշրջանում գիտական ներուժի զարգացման գործում:

Գիտաժողովին մասնակցեցին մասնաճյուղի դասախոսները և ուսանողները: Զեկույցներով հանդես եկան մայր բուհի և Կապանի մասնաճյուղի որոշ դասախոսներ, ովքեր ներկայացրեցին հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող արդիական հիմնախնդիրները և լուծման եղանակները: Ելույթներից հետո տեղի ունեցան բուռն քննարկումներ, հարց ու պատասխաններ, գիտական կառուցողական երկխոսություն, որոնք անցան առողջ քննադատական մթնոլորտում:

Քննարկումների արդյունքում որոշվեց հավանություն տալ հոդվածների մեծամասնությանը՝ ՀԱՊՀ-ի տարբեր պարբերականներում տպագրելու համար: Գիտաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Գիտաժողովի նախագահի տեղակալ ու կազմակերպիչ պրոֆեսոր Սեյրան Բալասանյանին և մասնաճյուղի տնօրինությանը՝ կայացած գիտաժողովի համար և հույս հայտնեցին, որ այն կունենա շարունակական բնույթ:

ԳԻՏԱԿԱՆ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԼԻ ՕՐԵՐ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին մասնաճյուղում շարունակում էր տիրել գիտական մթնոլորտը: ՀԱՊՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը և «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը, «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտության և կառավարման» սեկտորի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Սառա Մկրտչյանը բաց դաս կազմակերպեցին մասնաճյուղի ուսանողների համար: Ներկայացրեցին ՀԱՊՀ-ի ստեղծման պատմությունը՝  կարևորելով պոլիտեխնիկական կրթության դերը երկրի զարգացման գործընթացում և ինժեներական կրթության մրցակցային արժեքը ժամանակակից աշխատաշուկայում: Արեգ Գրիգորյանը Սթիվ Ջոբսի կյանքի օրինակով ուսանողներին ներկայացրեց, թե ինչքան է կարևորվում ներկայումս ստացած գիտելիքի և ապագայում դրա հետադարձ կապի փոխներգործությունը: Ուսանողները հիացմունքով ունկնդրեցին դասախոսությունները, իսկ դրանց վարման դասախոսական վարպետությունը և դրական լիցքերը ուսանողների խոսքերով ասված՝ այլ կերպ բարձրացրեց իրենց ինքնագնահատականը:

Leave a Comment

3 × 2 =