Նոյեմբերի 7-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդում քննարկվեց 2013/14 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Նիստին ներկա էր ՀՊՃՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆեսոր  Սուրեն Աղբալյանը:
Գիտական խորհուրդը լսեց հաշվետվության վերաբերյալ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի տարեկան զեկույցը: Պարոն Պետրոսյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի զարգացման 2012-2016 ռազմավարական ծրագրի
2-րդ տարվա կատարողականը, նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են մասնաճյուղի ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները` դիմորդների հոսքի և ուսանողական համակազմի կայունացման, կրթության որակական աճի, կառավարման օպտիմալացման, կայուն ֆինանսական համակարգի ձևավորման, նյութատեխնիկական բազայի արդիականացման և պատշաճ ինֆրակառուցվածքի ստեղծման, տեղեկատվական համալիր ապահովվածության, գիտական ներուժի և արտաքին կապերի զարգացման ուղղություններով:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան մասնաճյուղի ՈՒսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Արթուր  Սարգսյանը, Գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Սեյրան  Բալասանյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Թամարա Ավագյանը:
Ելույթները եզրափակեց ՀՊՃՀ ԿԾ և ՈՒՄԱ գծով պրոռեկտոր պրոֆեսոր  Ս.Գ. Աղբալյանը:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը լսելով և քննարկելով տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ.Ն. Պետրոսյանի զեկուցումը` որոշեց, որ ներկայացված հաշվետվությունը հավաստիորեն է արտացոլում ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունների առկա վիճակը, հիմնախնդիրները և զարգացման միտումները: Գիտական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված հաշվետվությանը և որոշեց սահմանված կարգով ու ժամկետներում այն ներկայացնել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի քննարկմանը:

Leave a Comment