2017թ.-ի փետրվարի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում մեկնարկեց <<Վարպետաց դասեր>> սեմինարների շարքը: Անդրանիկ սեմինարի թեման էր <<Социальная инженерия>>, որը վարեց Սյունիքի մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանը: Սեմինարին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներ, դասախոսներ, գիտական խորհրդի անդամներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, Գորիսի պետական համալսարանից ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակիցներ:

Բարձր տեխնոլոգիաների կիրառության շնորհիվ սեմինարին առցանց հետևում էին Սյունիքի մարզի տարբեր ուսումնական հաստատություններ. Քաջարանի թիվ 2, Մեղրու թիվ 1 և Ագարակի միջն. դպրոցները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը և Գորիսի պետական համալսարանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը:
Սեմինարն անցավ բարձր մակարդակով և մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների շրջանում: Միջոցառման ավարտին պրն. մարզպետը հաճելի առաքելություն իրականացրեց` Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակով պարգևատրելով բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Անվճար համակարգում սովորող ուսանողները ստացան հարյուր հիսուն հազարական դրամ, իսկ վճարովի համակարգում սովորողները երկու հարյուր հիսուն հազարական դրամ: Պարգևատրմանը ներկա էր նաև հայրենագետ և մանկավարժ Ռոբերտ Էջանանցի-Գրիգորյանի դուստրը:

Մարզպետը խոստացավ, որ այսուհետ ևս ութսունհինգ և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողները կստանան կրթաթոշակ: Մարզպետն ուսանողների համար ևս մեկ անակնկալ էր պատրաստել: Ըստ ԶՊՄԿ-ի հետ ձեռք բերված համաձայնության՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի քսան ուսանողի հնարավորություն կնձեռվի ամռանը՝ արտադրական պրակտիկայի ընթացքում աշխատել <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ում:
Իր շնորհակալական խոսքով միջոցառումը եզրափակեց մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և, գիրք նվիրելու օրվա առիթով, մասնագիտական գիրք նվիրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

Լուսանկարների հեղինակ Ալեքսան Գրիգորյան:

Leave a Comment

18 − sixteen =