Դիանա Զաքարյանը ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության երրորդ կուրսի ԿՔՀ 21 խմբի ուսանողուհի է: Նա ոչ միայն ցուցաբերում է բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ, այլ նաև` WSKF (Աշխարհի շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի) 14-17 տարեկան տարիքային խմբի Կովկասի 2014 թվականի չեմպիոնն է և ունի WSKF «Շականակագույն I քյու» որակավորում:
Դիանան սկսվել է մարզվել 11 տարեկանից (մարզիչ` Ա. Մինասյան): Երկու տարի հետո նա արդեն տարավ իր առաջին հաղթանակը` Հայաստանի Արևելյան մարտարվեստների ազգային լիգայի մանկապատանեկան կարատեի բաց առաջնությունում 12-13 տարեկան տարիքային խմբում գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը:
Այնուհետև շարունակվեցին Դիանայի հաղթական ելույթները: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. նա գրավեց առաջին հորիզոնականը Նաշինդորու կարատե-դո հայկական ազգային ֆեդերացիայի երրորդ բաց առաջնությունում (կումիտե ձև, 13-16 տարեկան տարիքային խումբ, 2011թ.), WSKF Հայաստանի II բաց առաջնություն (14-16 տարեկան տարիքային խումբ, 2012թ.), Հայաստանի Արևելյան մարտարվեստների ազգային լիգայի WSKF կարատեի IV առաջնություն (13-15 տարեկան տարիքային խումբ, 2013թ.,): Վերջերս` 2014թ. հոկտեմբերի 26-ին պատանի մարզուհին փայլուն մասնակցեց Հայաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության թիմերը և կրկին գրավեց առաջին հորիզոնականը:
2014 թվականի դեկտեմբերի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում 14 երկրների մասնակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կանցկացվի WSKF-ի «Ասիա» առաջնությունը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև մեր  ուսանողուհին: Կապանի մասնաճյուղի ողջ աշխատակազմը և ուսանողները հաջողություն են մաղթում Դիանա Զաքարյանին և ակնկալում նրանից նոր հաղթանակ:

Leave a Comment

seven + thirteen =