Ապրիլի 21-ին մասնաճյուղի հյուրերն էին ապագա դիմորդները. Կապանի, Քաջարանի, Մեղրու և Ագարակի շուրջ 70 ավարտական դասարանների աշակերտներ: Դիմորդներն իրենց մանկավարժների ուղեկցությամբ մասնագիտական կողմնորոշման ճակատագրական ընտրությունից առաջ եկել էին ծանոթանալու առաջարկվող մասնագիտություններին, մասնաճյուղի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմին, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին և հնարավորություններին:
Մինչ շրջայցը սկսելն ընթերցասրահում հավաքված հյուրերեին ողջունեց տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը` ներկայացնելով ուսուցանվող մասնագիտություններն ու մասնաճյուղի ձեռքբերումները և հավելելով, որ ապագա դիմորդները ճարտարագիտական բարձրագույն կրթություն ստանալու լավ հնարավորություն կունենան Կապանի մասնաճյուղում:
Այնուհետև ապագա դիմորդները ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում` հնարավորություն ունենալով անձամբ տեսնել մասնագիտական ամբիոնները, լաբորատորիաները, համակարգչային սենյակներն ու լսարանները, իսկ ամբիոնների վարիչներն էլ նրանց ծանոթացրին պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ուսուցման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին:
Շրջայցից հետո ընթերցասրահում կազմակերպվեց կարճ ամփոփում, որի ժամանակ մասնաճյուղի ղեկավարությունը սպառիչ պատասխանեց նաև ներկաների հարցերին: