Օգոստոսի 31-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում հյուրընկալվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Խորհրդանշական էր հանդիպումը նոր ուսումնական տարվա կապակցությամբ, քանի որ առաջին կուրսեցիների ուսումնական գործընթացի իրազեկման կազմակերպումն իրականացվեց նախարարի այցով: 

Հյուրերը շրջայց կատարեցին մասնաճյուղի ճարտարագիտական և ՏՏ ոլորտի լաբորատորիաներով, որից հետո տեղի ունեցավ հանդիպում դասախոսական կազմի և առաջին կուրսեցիների հետ:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանն իր ելույթով ողջունեց ներկաներին և շնորհավորեց բոլորին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Հատկանշական էր նաև նախարար Հակոբ Արշակյանի ելույթը, ով շնորհավորեց ներկաներին, ծանոթացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, դասընթացներին: Խոսեց դեպի բարձր տեխնոլոգիաների ասպարեզ տանող նոր գաղափարների հնարավորությունների մասին և տարատեսակ օրինակներով ուղղորդեց ուսանողներին այդ ծրագրերում ընդգրկվելու համար:

Փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը ՏՏ ոլորտով հետաքրքրվողներին մանրամասնեց դասընթացների շարքը և ծանոթացրեց դիմելու կարգին: Հանդիպումն անցավ երկխոսության ջերմ մթնոլորտում: