ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ՝ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

 

 

26 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը, հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով, բռնեց անկախության ուղին:

 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (վերջինս անվանվում է Հանրապետության օր):

 

Սակայն միանգամայն տարբեր էին այն ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

1918 թ.-ի մայիսին, թվում էր, հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի փոքրիկ հատվածում գոյության վերջին օրերն էր ապրում: Արարատի ստվերի ներքո հավաքված արևելահայերն ու Ցեղասպանությունից մազապուրծ եղած արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորախմբերի դեմ, որոնք, անցնելով Ախուրյանն ու Արաքսը, շարժվում էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918 թ.-ի մայիսի կեսերին Արարատյան դաշտը շրջապատվել էր թշնամիներով:

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը: 

 

 

Բոլորովին այլ էր իրադրությունը 1991 թ.-ին. ի տարբերություն 1918 թ.-ի՝ այս անգամ հիմնական սպառնալիքը գալիս էր ոչ թե արևմուտքից՝ Թուրքիայից, այլ արևելքից և հյուսիսից, այսինքն՝ Ադրբեջանից և հոգեվարք ապրող Խորհրդային Միությունից:

1991 թ.-ի գարնանը Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի հետագա գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և վեց ամիս հետո անկախության իր հանրաքվեն անցկացնելու որոշում էր ընդունել:

 

 

 

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին պետք է անցկացվեր ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականու թյուն հռչակելու մասին հանրաքվե: [6], [7]

Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝

 

 

 

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը:

Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները:

 

 

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:


 

 

 

 

 

 

 

 

Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի՝ ՀՀ անկախության մասին որոշումն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:

Հանրապետության հրապարակում 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին տոն էր՝ ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել:

 

Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի հոգում ու մտքում ամրագրված է իբրև մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում է անկախության գաղափարը՝ բոլորին համակելով հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու ու պահպանելու եռանդով:

 

ՀՀ անկախության հռչակագիրը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։

 

Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ 

 

 

 

Որպես պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն Առաջին հանրապետության դրոշն էր։

 

 

 

Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես Առաջին հանրապետության խորհրդանիշն էր։

 

 

Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, դիվանագիտական իր ներկայացուցչություններն ունենար տարբեր երկրներում։
Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։

ՀՀ-ն պետք է ունենար իր դրամական համակարգը։

Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։

Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։

Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։

 

***

Վազգեն Ա Վեհափառ

 

«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»»:
Ամենայն հայոց հայրապետ

 

 


***

Վիկտոր Համբարձումյան 
«Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով «Այո՛»: Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` «Այո՛»: Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն և վերստին միասնություն»:

 

***

Համո Սահյան

 

«Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «Ո՛չ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛… Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները»:

 

 

***

Խորեն Աբրահամյան

 

«…Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: «Այո»-ն ասելով մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:

 

 

***

Տիգրան Մանսուրյան
«Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում, և հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը, էլի մարեց: Ազգովին մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ հանդիման՝ ինքներս մեզ հարցնում ենք` հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է: Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: …Որովհետև մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գելի բերանն ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, ու մեր մեծերը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու: Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք և, իհարկե, արժանի ենք հայոց պետականության լույսի մեջ ապրելու»:

 

***

Հրանտ Մաթևոսյան  

 

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրա է արել, և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով՝ խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարի՛ր, ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»: