2024 թվականի ապրիլի 25-29-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունը ԻԻՀ Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հրավերով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի գլխավորությամբ պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Սպահան քաղաք:

          Պաշտոնական այցի շրջանակներում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունը հանդիպեց Ղազվինի Կիրառական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան Սպահանի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաև՝ համալսարանի Միջազգային կապերի կենտրոնում, հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էլեկտրատեխնիկայի և համակարգչային տեխնիկայի դեպարտամենտներում:

Աշխատանքային հանդիպումներին զուգահեռ կատարվեցին շրջայցեր Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հանքարդյունաբերության, մետալուրգիայի դեպարտամենտների լաբորատորիաներ և արհեստանոցներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինժեներա-տեխնոլոգիական լաբորատորիաներ, Սպահանի տեխնոլոգիական համալսարանի կենտրոնական գրադարան, գրադարանի թանգարան և Սպահանի գիտատեխնիկական կենտրոն:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունն այցելեց նաև Սպահանի պետական համալսարան: Սպահանի համալսարանում պատվիրակությանն ընդունեց հալասրանի նախագահը, տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում համալսարանի ղեկավարության և դեպարտամենտների ղեկավարների հետ, որը եզրափակվեց մամուլի ասուլիսով: Այնուհետև շրջայց կատարվեց Սպահանի պետական համալսարանում:

Սպահանի բժշկական գիտությունների համալսարանի և Սպահանի արվեստի համալսարանի հրավերներով ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունն այցեր կատարեց նաև վերոնշյալ համալսարաններ, որտեղ աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան համալսարանների ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմերի հետ:

Սպահանի տեխնոլոգիական համալսարանը և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը, կարևորելով երկու բուհերի միջև համագործակցության զարգացումը, պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերեցին պայմանավորվածություն համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը թույլ կտա երկու բուհերի համագործակցությունը դարձնել առավել գործնական և արդյունավետ: