ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հանդիպումը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանի թիվ 6, 10 և 11 դպրոցների տնօրեններ:
Ողջյունի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը՝ հակիրճ ներկայացնելով մասնաճյուղի անցած ուղին, ձեռքբերումները և հեռանկարները:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ հանդիպումը պատահական չէ ընտրված, և այսպիսի աշխատանքային հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ կարևորում է բուհի դերը երկրի զարգացման գործում և համոզված է, որ ամենաանհավանական գաղափարները կարող են «ծնվել» ուսանողների մտքում: Մարզպետը կոչ արեց դասախոսներին և ուսանողներին լինել նախաձեռնող, գաղափարներ առաջարկող, պետության ու համայնքի կյանքին ակտիվ մասնակցող և հորդորեց ներկաներին աշխատանքային հանդիպումն անցկացնել անկաշկանդ մթնոլորտում:
Այս հանդիպման անկյունաքարային գաղափարը կայանում էր նրանում, որ պետության զարգացման գրավականն առաջադեմ գաղափարների, պետություն-քաղաքացի երկխոսության և միասնության մեջ է :
Աշխատանքային հանդիպումն անցավ արդյունավետ, ոգեշնչող և ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի անունից մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին նվիրեց «Սյունիք» (պատմություն և հիշողություն) գիրքը՝ լիահույս լինելով, որ Ռ. Ղուկասյանի ղեկավարությամբ Սյունիքի մարզը կունենա աննախադեպ զարգացում:
Վերջում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և դպրոցների միջև ստորագրվեց դպրոցականների համար տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր: