ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2017թ.-ի փետրվարի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում մեկնարկեց <<Վարպետաց դասեր>> սեմինարների շարքը: Անդրանիկ սեմինարի թեման էր <<Социальная инженерия>>, որը վարեց Սյունիքի մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանը: Սեմինարին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներ, դասախոսներ, գիտական խորհրդի անդամներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, Գորիսի պետական համալսարանից ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակիցներ:
Բարձր տեխնոլոգիաների կիրառության շնորհիվ սեմինարին առցանց հետևում էին Սյունիքի մարզի տարբեր ուսումնական հաստատություններ. Քաջարանի թիվ 2, Մեղրու թիվ 1 և Ագարակի միջն. դպրոցները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը և Գորիսի պետական համալսարանը:

 
     
 

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը:
Սեմինարն անցավ բարձր մակարդակով և մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների շրջանում: Միջոցառման ավարտին պրն. մարզպետը հաճելի առաքելություն իրականացրեց` Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակով պարգևատրելով բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Անվճար համակարգում սովորող ուսանողները ստացան հարյուր հիսուն հազարական դրամ, իսկ վճարովի համակարգում սովորողները երկու հարյուր հիսուն հազարական դրամ: Պարգևատրմանը ներկա էր նաև հայրենագետ և մանկավարժ Ռոբերտ Էջանանցի-Գրիգորյանի դուստրը:

 
     
 

Մարզպետը խոստացավ, որ այսուհետ ևս ութսունհինգ և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողները կստանան կրթաթոշակ: Մարզպետն ուսանողների համար ևս մեկ անակնկալ էր պատրաստել: Ըստ ԶՊՄԿ-ի հետ ձեռք բերված համաձայնության՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի քսան ուսանողի հնարավորություն կնձեռվի ամռանը՝ արտադրական պրակտիկայի ընթացքում աշխատել <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ում:
Իր շնորհակալական խոսքով միջոցառումը եզրափակեց մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և, գիրք նվիրելու օրվա առիթով, մասնագիտական գիրք նվիրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Տնօրենի պաշտոնակատար Ա.Ռ. Կոստանդյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ակտիվ ուսանողների հետ հանդիպում ՝ քնարկվեցին ուսանողներին հուզող հարցերը, տարբերակներ առաջարկվեցին առաջնային խնդիրներին լուծում տալու համար՝ ուսման որակը բարձրացնելու նպատակով:
Քննարկեցին նաև մասնաճյուղում մագիստրատուրայի բացման հետ կապված հարցեր, որն ամենաշատն է հետաքրքրում ուսանողներին:
Հանդիպումը տեղի ունեցավ անմիջական շփումով՝ հաճելի մթնոլորտում, այդ իսկ պատճառով ուսանողներն անկաշկանդ էին և պատրաստակամ:

 

Ամփոփելով հանդիպումը՝ Ա.Ռ.Կոստանդյանը խոստացավ, որ այս ձևաչափով հանդիպումներն ուսանողության ներկայացուցիչների հետ կկրեն պարբերական բնույթ:

 


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստ:
Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Ռ.Կոստանդյանը և մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Հ.Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրեցին 2017 թվականի տարեկան սպասվելիք մուտքերը և ծախսերը:

 

Վերջում Ա.Ռ.Կոստանդյանը շնորհավորեց մասնաճյուղի անձնակազմին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և հրապարակեց տնօրենի հրամանը՝ անձնակազմի անդամներին ամանորյա խրախուսման մասին:


ՌԵԿՏՈՐ ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ԵՎ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

Դեկտեմբերի 9-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մասնակցությամբ:

Մարզպետ Վ. Հակոբյանը մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց նորանշանակ տնօրենի պաշտոնակատար, տնտ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանին: Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին՝ հինգ տարիների ընթացքում մասնաճյուղում իրականացրած գործունեության համար, իսկ նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին մաղթեց հաջողություններ նոր պաշտոնում:

Ռեկտոր Ո. Մարուխյանը մասնաճյուղի աշխատակազմին ներկայացրեց Ա. Կոստանդյանի կենսագրությունը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տնօրենի պաշտոնակատարի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի զարգացմանը, և պատրաստակամություն հայտնեց մայր բուհի կողմից ցուցաբերել մեծ աջակցություն մասնաճյուղի զարգացման գործում :


ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Նոյեմբերի 28-ից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Մոբայլ լուծումների լաբորատորիայում սկսվեցին արդեն ավանդույթ դարձած Microsoft KoDu միջավայրում խաղերի պատրաստման հերթական դասընթացները` 8-ից 14 տարեկան կապանցի և քաջարանցի դպրոցականների համար: Դասընթացն իրականացվում են ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ‹‹Տեխնոլոգիական դպրոց» համատեղ ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցում են 70 աշակերտներ: Դպրոցականները «Kodu Game Lab» միջավայրի օգնությամբ կծանոթանան ծրագրավորման հիմունքներին, հնարավորություն կստանան բացահայտելու տեսողական և օբյեկտակողմնորոշված ծրագրավորման աշխարհը, կստեղծեն համակարգչային խաղեր:
Դասընթացը  կխթանի դպրոցականների ստեղծագործական ունակությունների, ալգորիթմական մտածելակերպի ու երևակայության բացահայտումն ու զարգացումը:


 

Հոկտեմբերի 12--15-ը մեկնարկած <<ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս>> ծրագիրը, հոկտեմբերի 14-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում էր, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը մասնաճյուղի ուսանողության հետ:
Կարեևորելով կրթական համակարգի և իրականացվող գործընթացների մասին իրազեկվածության բարձրացումը, նախ ուսանողներին ներկայացրին Բոլոնիայի գործընթացը, Հայաստանում դրա իրականացումը և ուսանողների դերը այդ գործընթացում, այնուհետև երեք աշխատանքային խմբերով մոտ 50 ուսանողների համար իրականացրին մեկօրյա թրեյնինգ ինտերակտիվ քննարկումների, խաղերի և խմբային աշխատանքների միջոցով:

 
     
 
     
 

 


 

2015/16 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

 

2016 թվականի սեպտեմբերի 28-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվեց 2015/16 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որին ներկա էին ՀԱՊՀ ներկայացչությունը` ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տարածաշրջանի լեռնահանքային արդյունաբերական ձեռնարկությունների և Կապան քաղաքի ավագ դպրոցների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները:

Մինչ նիստի մեկնարկը ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը հանդիպեց մասնաճյուղի ուսանողների հետ և ներկայացրեց այն ծրագրերը, որին մասնակից կարող են լինել նաև Կապանի մասնաճյուղի ուսանողները: Այնուհետև ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում և ծանոթացան աշխատանքային ու ուսումնական պայմաններին:

 

Գիտական խորհրդի նիստում, որը նախագահում էր ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, ներկաները լսեցին տարեկան հաշվետվության վերաբերյալ պրոֆեսոր Լ. Պետրոսյանի զեկույցը: Հաշվետվությունը ներկայացնում էր մասնաճյուղի զարգացման 2012 - 2016թթ. ռազմավարական ծրագրի 4-րդ տարվա կատարողականը: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են մասնաճյուղի ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները` դիմորդների հոսքի և ուսանողական համակազմի կայունացման, կրթության որակական աճի, կառավարման օպտիմալացման, կայուն ֆինանսական համակարգի ձևավորման, նյութատեխնիկական բազայի արդիականացման և պատշաճ ինֆրակառուցվածքի ստեղծման, տեղեկատվական համալիր ապահովվածության, գիտական ներուժի և արտաքին կապերի զարգացման ուղղություններով:

 

Տնօրենի պաշտոնակատարը հանգամանալից ներկայացրեց մասնաճյուղի մեկ տարվա գործունեությունը` նշելով ձեռքբերումները, առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 2015/16 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ ելույթ ունեցան ՀՀ Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրության գծով տնօրեն Դավիթ Աղամյանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, տ.գ.դ., դոցենտ Սեյրան Բալասանյանը, Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Անահիտ Այվազյանը, «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Եղիազարյանը:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը լսելով և քննարկելով տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ. Պետրոսյանի ներկայացրած հաշվետվությունը` որոշեց, որ այն հավաստիորեն արտացոլում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 2015/16 ուսումնական տարվա գործունեությունը, առկա վիճակն ու զարգացման ուղիները և երաշխավորեց սահմանված կարգով այն ներկայացնել ՀԱՊՀ Գիտական խորհրդի քննարկմանը:

 

 


 

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարահանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով:
ՈՒսումնավարժության պլանի համաձայն՝ մասնաճյուղի գլխավոր մասնաշենքի տանիքում մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել, և առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող ուսանողներին ու աշխատողներին և մարել հրդեհը: Սակայն ուսանողներից մի քանիսը արգելափակվել են մասնաշենքի չորրորդ հարկում. անհրաժեշտ է ճիշտ և արագ կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը:
Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը:

 

Հրդեհի բռնկումից անմիջապես հետո ուսանողները և աշխատողները տարհանվեցին անվտանգ գոտի, և ահազանգ տրվեց մարզային փրկարար ծառայություն:
Հրդեհի բռնկման մասին ահազանգն ստանալուց հետո` դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության անձնակազմի գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, կատարելագործել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհանման գործողությունների իրականացման հմտությունները:

 


Աշխատանքների ավարտից հետո ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը մասնաճյուղի անձնակազմի հետ ամփոփեցին ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս պատրաստել ուսանողներին և աշխատակիցներին արագ կողմնորոշվելու ու ճիշտ գործելու արտակարգ իրավիճակներում:

 
     
 
     
 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 1-ին հերթական անգամ ուսանողների առջև իր դռները բացեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը: Նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուսեցիների հետ: Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ բարձրագույն մասնագիտական կրթության պատասխանատու ճանապարհին:

Իր ելույթում պրոֆեսոր Լ. Պետրոսյանն առաջին կուրսեցիներին հակիրճ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և մասնաճյուղի անցած ուղին ու հավաստիացրեց, որ մասնաճյուղում ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները բարձր մակարդակի կրթություն և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար` նշելով, որ որակյալ և բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է ու հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարին ուսանողների համար կլինի մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:

 


ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի 2016 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը նշեց, որ ընտրություն կատարելով մասնաճյուղի՝ տեխնիկական ուղղվածությամբ տարածաշրջանում միակ բուհի օգտին, նրանք անցած չորս տարիների ընթացքում ստացել են արժեքավոր գիտելիքներ, հաջողությամբ անցել ամփոփիչ ատեստավորումը և այսօր ամուր ու կայուն հիմքով կարող են սկսել իրենց մասնագիտական գործունեությունը:
Շրջանավարտներին բարեմաղթանքի խոսք ուղղեցին նաև ԲԳ և ՏՀ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, դոցենտ Անահիտ Այվազյանն ու ՏՏ Ի և ԱՀ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրվեն Համբարձումյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ շրջանավարտ Վարսենիկ Մկրտչյանը, ով դասավանդման բարձր մակարդակի, պրակտիկաների կազմակերպման և ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանների համար շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց դասախոսներին և մասնաճյուղի վարչակազմին:
Այնուհետև պրոֆեսոր Լ. Պետրոսյանը շրջանավարտներին հանձնեց դիպլոմները. շրջանավարտները մեծ
ոգևորությամբ ստացան դիպլոմները և խոստացան բարձր պահել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատիվը:

 

 


 

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Մայիսի 14-ից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում սկսվել են 2015/16 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումները: Նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով 106 շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն:

 

Դիպլոմային աշխատանքի պաշտպանության միջոցով ուսանողները բացահայտում են մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում իրենց տեսական և գործնական պատրաստկանությունը, իսկ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները` պարզում շրջանավարտի պատրաստման մակարդակի համապատասխանությունը բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին:

 

Դիպլոմային աշխատանքների պաշտպանության գործընթացը վկայում է, որ ներկայացվող աշխատանքներն ունեն անհրաժեշտ գործնական ուղղվածություն և համապատասխանում են սահմանված պահանջներին, իսկ շրջանավարտները հիմնականում ցուցաբերում են պատրաստվածության լուրջ մակարդակ և վստահորեն տիրապետում ներկայացվող թեմային, ինչը հաստատում են նաև ամփոփիչ ատեստավորումների հանձնաժողովների անդամները:

 


 

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 15-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց իր ապագա դիմորդներին` Կապանի, Քաջարանի, Մեղրու և Ագարակի ավագ և միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին: Դիմորդների և նրանց ուղեկցող մանկավարժների հետ հանդիպումը կայացավ մասնաճյուղի դահլիճում, որտեղ հյուրերին ողջունեց տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և ներկայացրեց մասնաճյուղի ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը, ուսուցանվող մասնագիտությունները, ամբիոնները, պրոֆեսորադասախոսական կազմը, նյութատեխնիկական բազան և համագործակցող կազմակերպությունները: Միաժամանակ պրոֆեսոր Լ. Պետրոսյանը, դիմորդներին վստահեցրեց, որ Կապանի մասնաճյուղում ստեղծված են ճարտարագիտական բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

Այնուհետև ապագա դիմորդները ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում` հնարավորություն ունենալով անձամբ տեսնելու շենքային պայմանները, լսարանները, լաբորատորիաներն ու քոմփյութերային սենյակները և գնահատելու ուսուցման կազմակերպման պայմաններն ու հնարավորությունները:
Շրջայցից հետո ընթերցասրահում կազմակերպվեց կարճ ամփոփում, որի ժամանակ մասնաճյուղի ղեկավարությունը պատասխանեց դիմորդներին հետաքրքրող հարցերին:

 
     
 
     
 
     

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԻՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու դավադիր հարձակման հետևանքով իրադրության կտրուկ սրման հենց առաջին օրվանից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը նախաձեռնեց հերոսական Արցախին և անպարտելի բանակին աջակցություն ցուցաբերելու գործընթաց:
Մասնաճյուղի գիտական խորհրդի որոշմամբ 1.000.000 ՀՀ դրամ փոխանցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության` «Արցախբանկի» համապատասխան հաշվեհամարին:
Միաժամանակ աշխատակիցների կողմից հանգանակված 400.000 ՀՀ դրամ գումարը փոխանցվեց ՀԱՊՀ Կոնվերսբանկի «Արցախ» հաշվեհամարին:
Անմասն չեն մնացել նաև մասնաճյուղի ուսանողները: Նրանց կողմից ձեռք են բերվել լի արկղերով քաղցրավենիքներ, մուրաբաներ և պահածոներ, ինչպես նաև ծխախոտ, հիգիենայի և առաջին բուժօգնության պարագաներ, ինչը քաջարի հայ զինվորներին ուղարկելու համար հանձնվել է Կապանի քաղաքապետարանին և ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնին:


 

ԼՈԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿՈՎ

Փետրվարի 23-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ (ԻՏՁՄ), «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայստանայան մասնաճյուղի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի համագործակցության արդյունքում ստեղծված տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածությամբ արդիական Ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետարանի, ԻՁՏՄ, ՎՎ Հայաստանի Կապանի տարարածքային զարգացման ծրագրի և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի ղեկավար կազմերի ներկայացուցիչներ, Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, Կապանի դպրոցների տնօրեններ ու այլ հյուրեր:
Լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությունն սկսվեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի օրհնանքով, այնուհետև իրենց բարեմաղթանքի խոսքով ելույթ ունեցան ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ՎՎ Հայաստանի ԿՏԶԾ ղեկավար Լենա Կարապետյանը, մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը:

 

Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչով, «Գուգարք» մինի համակարգիչներով և այլ սարքերով հագեցված լաբորատորիան հնարավորություն կտա մասնաճյուղի ուսանողներին խորացնել իրենց գիտելիքները ծրագրավորման, եռաչափ մոդելների նախագծման, հարթաչափային մոդելների հետ աշխատանքի, էլեկտրոնիկայի, մեխանիկայի ոլորտներում:
Ինժեներական լաբորատորիայում կազմակեպվող խմբակներում հետագայում կընդգրկվեն նաև Կապանի դպրոցականները, որը կնպաստի նաև նրանց մասնագիտական կողմնորոշմանը դեպի ճարտարագիտական մասնագիտություններ:

 

 

 


 

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվեց 2014/15 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որին ներկա էին մարզպետարանի և քաղաքապետարանի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությամբ, տարածաշրջանի լեռնահանքային արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, Կապան քաղաքի ավագ դպրոցների տնօրենները:
Մինչ նիստի մեկնարկը հյուրերը և ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում և ծանոթացան նորաստեղծ լաբորատորիաներին և հեռաուսուցման լսարանին:
Գիտական խորհրդի նիստում ներկաները լսեցին տարեկան հաշվետվության վերաբերյալ տնօրենի պաշտոնակատարի զեկույցը: Հաշվետվությունը ներկայացնում էր մասնաճյուղի զարգացման 2012 - 2016թթ. ռազմավարական ծրագրի 3-րդ տարվա կատարողականը: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են մասնաճյուղի ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները` դիմորդների հոսքի և ուսանողական համակազմի կայունացման, կրթության որակական աճի, կառավարման օպտիմալացման, կայուն ֆինանսական համակարգի ձևավորման, նյութատեխնիկական բազայի արդիականացման և պատշաճ ինֆրակառուցվածքի ստեղծման, տեղեկատվական համալիր ապահովվածության, գիտական ներուժի և արտաքին կապերի զարգացման ուղղություններով:

 

Տնօրենի պաշտոնակատարը հանգամանալից ներկայացրեց մասնաճյուղի մեկ տարվա գործունեությունը` նշելով ձեռքբերումները, առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը:
Հաշվետու զեկուցումից հետո ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքից և դրական գնահատեց մասնաճյուղի գործունեությունը: Միաժամանակ Սյունիքի մարզպետը նշեց, որ մասնաճյուղը պետք է էլ ավելի առաջընթաց ապրի և հայտնեց իր պատրաստակամությունը սատարելու մասնաճյուղին` առկա խնդիրների լուծման և զարգացման ծրագրերի իրականացման հարցերում:
Այնուհետև տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, տ.գ.դ., դոցենտ Սեյրան Բալասանյանը, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Անիկ Եղիազարյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Թամարա Ավագյանը:

 


Հրավիրվածներից ելույթ ունեցան ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ վարչական տնօրեն Վահե Վարդանյանը, և Կապանի թիվ 9 ավագ դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը լսելով և քննարկելով տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի ներկայացրած հաշվետվությունը` որոշեց, որ այն հավաստիորեն արտացոլում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գործունեության առկա վիճակն ու զարգացման ուղիները և երաշխավորեց սահմանված կարգով այն ներկայացնել ՀԱՊՀ Գիտական խորհրդի քննարկմանը:

 


ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱՊԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 1-ից մասնաճյուղի Մոբայլ լուծումների լաբորատորիայում սկսվել է Microsoft KoDu միջավայրում խաղերի պատրաստման դասընթացը՝ 10-ից 16 տարեկան կապանցի դպրոցականների համար: Դասընթացն իրականացվում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ‹‹Տեխնոլոգիական դպրոց» համատեղ ծրագրի շրջանակներում:
Ներկայումս դասընթացին գրանցված են շուրջ 170 աշակերտներ՝ կազմելով խմբեր: Դասընթացի ժամանակ «Kodu Game Lab» միջավայրի օգնությամբ կծանոթանան ծրագրավորման հիմունքներին, իրենց համար կբացահայտեն տեսողական և օբյեկտակողմնորոշված ծրագրավորման հիանալի աշխարհը, կիմանան, թե ինչպես են ստեղծվում համակարգչային խաղերն ու իրենց կզգան ծրագրավորողի դերում:
Դասընթացը դպրոցականներին կօգնի նաև բացահայտել և զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները, ալգորիթմական մտածելակերպն ու երևակայությունը: Ծրագրի շրջանակներում աշակերտների մոտ կզարգանան թիմային աշխատանքի հմտությունները, իսկ դասընթացի ավարտին յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր կողմից պատրաստված խաղը:

 

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀԱՊՀ ռեկտորի 15.09.2015թ. թիվ 01-03/404 հրամանի համաձայն` համալսարանի հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմում առաջացած թափուր տեղերի լրացման նպատակով անդամության թեկնածուների առաջադրման համար Կապանի մասնաճյուղում սեպտեմբերի 19-ին գումարվել էր գիտական խորհրդի արտահերթ նիստ:
Թեկնածուներ առաջադրել էին միայն «Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների» ու «Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի» ամբիոնները: Գիտական խորհրդի նիստում ՏՏ Ի և ԱՀ ամբիոնի առաջադրած թեկնածուն ինքնաբացարկ հայտարարեց, և քվեարկության դրվեց միայն Մ և ԲԱ ամբիոնի ներկայացրած հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուի առաջադրումը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում (կողմ՝ 28, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2) գիտական խորհուրդը որոշեց Կապանի մասնաճյուղից ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու առաջադրել և համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը ներկայացնել ՈՒՄԱ գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Արթուր Մելիքսեթի Սարգսյանի թեկնածությունը:


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 1-ին ուսանողների առջև իր դռները բացեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը:
Նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուսեցիների հետ:
Ներկաներին ողջունեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լ.Պետրոսյանը, ով պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթեց հաջողություններ բարձրագույն մասնագիտական կրթության պատվաբեր ճանապարհին, այնուհետև առաջին կուրսեցիներին հակիրճ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և մասնաճյուղի անցած ուղին: Ելութից հետո պրոֆեսոր Լ. Պետրոսյանը ուսանողներին ծանոթացրեց մասնաճյուղի ղեկավարության և հանդիպմանը ներկա դասախոսների հետ:
Առաջին կուրսեցիներին իրենց բարեմաղթանքի խոսքն ուղղեցին նաև ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Ա. Սարգսյանը, ֆակուլտետների դեկաններ դոցենտ Ա. Եղիազարյանը, դոցենտ Ա. Այվազյանը և ուսխորհրդի նախագահը Լ.Սարգսյանը:

 


ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 21-ին մասնաճյուղի հյուրերն էին ապագա դիմորդները. Կապանի, Քաջարանի, Մեղրու և Ագարակի շուրջ 70 ավարտական դասարանների աշակերտներ: Դիմորդներն իրենց մանկավարժների ուղեկցությամբ մասնագիտական կողմնորոշման ճակատագրական ընտրությունից առաջ եկել էին ծանոթանալու առաջարկվող մասնագիտություններին, մասնաճյուղի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմին, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին և հնարավորություններին:
Մինչ շրջայցը սկսելն ընթերցասրահում հավաքված հյուրերեին ողջունեց տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը` ներկայացնելով ուսուցանվող մասնագիտություններն ու մասնաճյուղի ձեռքբերումները և հավելելով, որ ապագա դիմորդները ճարտարագիտական բարձրագույն կրթություն ստանալու լավ հնարավորություն կունենան Կապանի մասնաճյուղում:
Այնուհետև ապագա դիմորդները ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում` հնարավորություն ունենալով անձամբ տեսնել մասնագիտական ամբիոնները, լաբորատորիաները, համակարգչային սենյակներն ու լսարանները, իսկ ամբիոնների վարիչներն էլ նրանց ծանոթացրին պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ուսուցման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին:
Շրջայցից հետո ընթերցասրահում կազմակերպվեց կարճ ամփոփում, որի ժամանակ մասնաճյուղի ղեկավարությունը սպառիչ պատասխանեց նաև ներկաների հարցերին:

 


 

ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ապրիլի 18-ին կազմակերպեց «Հիշում եմ և պահանջում» խորագրով ցերեկույթ:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով նշեց, որ հարյուր տարի առաջ Թուրքիան ծրագրեց ու իրագործեց աշխարհում նախադեպը չունեցող ոճրագործություն և այս միջոցառման միջոցով, միանալով համայն հայությանը, ցանկանում ենք դատապարտել հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի իշխանությունների գործած ծանրագույն հանցագործությունը, որը հանցագործություն է նաև ողջ մարդկության հանդեպ: Հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ուզում ենք հիշեցնել, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի և պահանջում ենք, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը և ողջ թուրք ժողովուրդը, պաշտոնապես ընդունեն և դատապարտեն իրենց նախնիների գործած ոճիրը: Միաժամանակ կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին` ընդունել ու դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ կատարած մեծ ոճրագործությունը, որը երաշխիք կծառայի հետագայում բացառելու ցեղասպանությունները:
Այնուհետև ելույթ ունեցան մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Սարգսյանը («Ցեղասպանություն. իրագործման մեխանիզմը»), ԿՏ 24 խմբի ուսանողուհի Հեղինե Մնացականյանը («Հայտնի օտարազգի գործիչները Հայոց ցեղասպանության մասին»), պատմության դասախոս Արմեն Գևորգյանը («Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումն Օսմանյան կայսրության թաղաքականության շարունակություն»): Ցերեկույթի ժամանակ ԿՏ 44 խմբի ուսանող Գոռ Միրզոյանի կատարմամբ հնչեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից և Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը:

 


 

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Ապրիլի 8-ին վկայականներ հանձնվեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի լրացուցիչ կրթության ծրագրով ուսուցման առաջին շրջանավարտներին:
Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ. Պետրոսյանը նախ շնորհավորեց «Հաշվապահ» և «Գործավար (համակարգչի ուսուցմամբ)» եռամսյա դասընթացի շրջանավարտներին` նշելով, որ այսօր աշխատաշուկային անհրաժեշտ են մասնագիտական կայուն գիտելիքներ և գործնական կարողություններ ունեցող անձիք: Ավարտական քննությունները ցույց տվեցին, որ շրջանավարտներն ուսուցման երեք ամիսների ընթացքում կարողացան ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն, ինչպես նաև` տեսականը գործնականի հետ համադրող հմտություններ:
Այնուհետև պրոֆեսոր Լ. Պետրոսյանը ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին և մասնաճյուղի անունից նրանց մաղթեց մասնագիտական հաջողություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Փետրվարի 27-ին Կապանի մասնաճյուղը տվեց լրացուցիչ կրթական ծրագրով իր առաջին շրջանավարտները: 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Հաշվապահ» և «Գործավար (համակարգչի ուսուցմամբ)» մասնագիտություններով մասնագիտական ուսուցման եռամսյա դասընթացների ունկնդիրներն այդ օրը հանձնեցին ավարտական քննությունները: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված էին նաև ուսուցումը պատվիրած կազմակերպության ներկայացուցիչները:
ՈՒնկնդիրները նախ կատարեցին գործնական առաջադրանքները, այնուհետև պատասխանեցին տեսական հարցերին:
Քննական հանձնաժողովները գոհունակությամբ նշեցին, որ ունկնդիրներն արդարացրին իրենց դասավանդողների սպասումները, և բոլոր 19 ունկնդիրներն էլ բարեհաջող հանձնեցին ավարտական քննությունները:
Շնորհավորելով առաջին շրջանավարտներին` մաղթում ենք հաջողություններ և ցանկանում, որ ստացած գիտելիքներն ու ձեռք բերած կարողությունները նրանց օգնեն աշխատանք գտնելու և հետագա մասնագիտական առաջընթացի հարցերում:


 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Նոյեմբերի 7-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդում քննարկվեց 2013/14 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Նիստին ներկա էր ՀՊՃՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆեսոր  Սուրեն Աղբալյանը:
Գիտական խորհուրդը լսեց հաշվետվության վերաբերյալ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի տարեկան զեկույցը: Պարոն Պետրոսյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի զարգացման 2012-2016 ռազմավարական ծրագրի
2-րդ տարվա կատարողականը, նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են մասնաճյուղի ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները` դիմորդների հոսքի և ուսանողական համակազմի կայունացման, կրթության որակական աճի, կառավարման օպտիմալացման, կայուն ֆինանսական համակարգի ձևավորման, նյութատեխնիկական բազայի արդիականացման և պատշաճ ինֆրակառուցվածքի ստեղծման, տեղեկատվական համալիր ապահովվածության, գիտական ներուժի և արտաքին կապերի զարգացման ուղղություններով:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան մասնաճյուղի ՈՒսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Արթուր  Սարգսյանը, Գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Սեյրան  Բալասանյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Թամարա Ավագյանը:
Ելույթները եզրափակեց ՀՊՃՀ ԿԾ և ՈՒՄԱ գծով պրոռեկտոր պրոֆեսոր  Ս.Գ. Աղբալյանը:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը լսելով և քննարկելով տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ.Ն. Պետրոսյանի զեկուցումը` որոշեց, որ ներկայացված հաշվետվությունը հավաստիորեն է արտացոլում ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունների առկա վիճակը, հիմնախնդիրները և զարգացման միտումները: Գիտական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված հաշվետվությանը և որոշեց սահմանված կարգով ու ժամկետներում այն ներկայացնել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի քննարկմանը:


ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆԸ

Դիանա Զաքարյանը ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության երրորդ կուրսի ԿՔՀ 21 խմբի ուսանողուհի է: Նա ոչ միայն ցուցաբերում է բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ, այլ նաև` WSKF (Աշխարհի շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի) 14-17 տարեկան տարիքային խմբի Կովկասի 2014 թվականի չեմպիոնն է և ունի WSKF «Շականակագույն I քյու» որակավորում:
Դիանան սկսվել է մարզվել 11 տարեկանից (մարզիչ` Ա. Մինասյան): Երկու տարի հետո նա արդեն տարավ իր առաջին հաղթանակը` Հայաստանի Արևելյան մարտարվեստների ազգային լիգայի մանկապատանեկան կարատեի բաց առաջնությունում 12-13 տարեկան տարիքային խմբում գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը:
Այնուհետև շարունակվեցին Դիանայի հաղթական ելույթները: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. նա գրավեց առաջին հորիզոնականը Նաշինդորու կարատե-դո հայկական ազգային ֆեդերացիայի երրորդ բաց առաջնությունում (կումիտե ձև, 13-16 տարեկան տարիքային խումբ, 2011թ.), WSKF Հայաստանի II բաց առաջնություն (14-16 տարեկան տարիքային խումբ, 2012թ.), Հայաստանի Արևելյան մարտարվեստների ազգային լիգայի WSKF կարատեի IV առաջնություն (13-15 տարեկան տարիքային խումբ, 2013թ.,): Վերջերս` 2014թ. հոկտեմբերի 26-ին պատանի մարզուհին փայլուն մասնակցեց Հայաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության թիմերը և կրկին գրավեց առաջին հորիզոնականը:
2014 թվականի դեկտեմբերի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում 14 երկրների մասնակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կանցկացվի WSKF-ի «Ասիա» առաջնությունը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև մեր  ուսանողուհին: Կապանի մասնաճյուղի ողջ աշխատակազմը և ուսանողները հաջողություն են մաղթում Դիանա Զաքարյանին և ակնկալում նրանից նոր հաղթանակ:


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Սեպտեմբերի 23-ին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը կազմաերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Միջոցառմանը ներկա էին նաև Կապանում տեղակայված N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Գ. Գևորգյանը և ՀԳմ-ի անձնակզմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Կ. Գևորգյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցներ:
Ուսանողները ներկաներին շնորհավորեցին Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ասմունքեցին և երգեցին հայրենասիրական երգեր:
Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան ուսունամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Ա.Սարգսյանը, ուսանողական խորհուրդի նախագահ Լ.Սարգսյանը և մայոր Կ.Գևորգյանը: Միջացառման վերջում, Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ և երիտասարդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար մայոր Կ.Գևորգյանը N զորամասի հրամանատար գնդապետ Կ.Սերոբյանի անունից ուսանողական խորհուրդին հանձնեց պատվոգիր:

 


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սեպտեմբերի 19-ին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հյուրերն էին Կապանում տեղակայված N զորամասի 1-ին ՀԳմ-ի մի խումբ սպաներ և զինվորներ նույն գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Կ.Բ. Գևորգյանի ղեկավարությամբ:
Համաձայն ՀՀ ՊՆ և ԿԳ նախարարների համատեղ հրամանների մայոր Կ. Գևորգյանի կողմից անցկացվեց «Սրբագրություն» խորագրով «Արիության դաս», որի ընթացքում ուսանողներին ներկայացվեց զորամասի անցած մարտական ուղին, հայրենիքի պաշտպանության գործում իրենց արիությամբ աչքի ընկած զինծառայողներին, հայ ժողովրդի և նրա զինական ուժի հաղթական ավանդույթները: Այնուհետև N զորամասի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին: Հանդիպման վերջում մասնաճյուղի ուսանողները զինծառայողներին մաղթեցին խաղաղ և անվտանգ ծառայություն:




ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 1-ին Կապանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում առաջին
կուրսեցիների հետ: Հանդիպման սկզբում տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր
Լ.Պետրոսյանը շնորհավորեց ուսանողներին Պոլիտեխնիկի մեծ ընտանիքին անդամագրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ մասնագիտական կայացման դժվար ճանապարհին` նշելով, որ նրանք կատարել են ճիշտ ընտրություն, և մասնաճյուղում ստացած գիտելիքները թույլ կտան դառնալ լավ մասնագետներ: Այնուհետև պրոֆեսոր Լ.Պետրոսյանը առաջին կուրսեցիներին ծանոթացրեց մասնաճյուղի ղեկավարության, ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և հանդիպմանը ներկա պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Բարեմաղթանքի խոսքերով ելույթ ունեցան ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Ա.Սարգսյանը, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ա.Եղիազարյանը, ուսխորհրդի նախագահ Լ. Սարգսյանը: Հանդիպման վերջում տնօրենի պաշտոնակատար Լ.Պետրոսյանը հանդիսավոր պայմաններում հանձնեց մասնաճյուղը 2013/14 ուստարում «գերազանց» առաջադիմությամբ ավարտած շրջանավարտների դիպլոմները:



ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՀՊՃՀ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 8-ին մասնաճյուղն իր հյուրընկալ դռներն էր բացել Կապանի, Քաջարանի, Մեղրու և Ագարակի ավարտական դասարանների աշակերտների համար: Այդ օրը ապագա դիմորդներն հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզի տարբեր ձեռնարկություններում աշխատող մասնաճյուղի շրջանավարտները:
Հանդիպման սկիզբը մեկնարկեց մասնաճյուղի ընթերցասրահում, որտեղ հյուրերին ողջունեց տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և ներկայացրեց տեղեկատվություն մասնաճյուղում ուսուցանվող մասնագիտությունների, մասնագիտական ամբիոնների, լաբորատորիաների, ուսուցման պայմանների, մասնաճյուղում աշխատող դասախոսական անձնակազմի և մասնաճյուղի հետ համագործակցող կազմակերպությունների մասին:
Այնուհետև ելույթ ունեցան տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող մասնաճյուղի մի քանի շրջանավարտներ. Աննա Փարամազյանը («ԴՓՄԿ» ՓԲԸ, հետազոտական լաբորատորիայի վարիչ), Դավիթ Աբգարյանը («ԼեռԷքս» ՍՊԸ, հանքի գլխավոր ճարտարագետ) և Արմենակ Գրիգորյանը («ԴՓՄԿ» ՓԲԸ, հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար), ովքեր ապագա դիմորդներին խորհուրդ տվեցին սովորելու Կապանի մասնաճյուղում` իրենց օրինակով ներկայացնելով այն առավելությունները, որն իրենց կարծիքով, ապագա ուսանողներին կընձեռնի ուսումնառությունը մասնաճյուղում, իսկ ուսխորհրդի նախագահ, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Լիաննա Սարգսյանն ապագա դիմորդներին ներկայացրեց մասնաճյուղի ուսանողական առօրյան:
Ընդհանուր հանդիպումից հետո ապագա դիմորդները ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան անձամբ տեսնել և գնահատել մասնաճյուղի շենքային պայմանները, լաբորատորիաները և ուսումնանյութական բազան:
Բաց դռների օրն ավարտվեց ընթերցասրահում կազմակերպված կարճ ամփոփմամբ, որի ընթացքում մասնաճյուղի ղեկավարությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին
:


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԸ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
03.03.2014

Փետրվարի 28-ին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի
կողմից կազմակերպած վոլեյբոլի մրցումներ, որին մասնակցում էին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի, Կապանի արվեստի պետական քոլեջի, Կապանի պետական բժշկական քոլեջի, Կապանի թիվ 2, թիվ 9 ավագ և թիվ 5 ու թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը:
Մրցումների արդյունքում առաջին տեղը գրավեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի թիմը:
Մասնաճյուղի տնօրինությունը շնորհավորում է մարզիչ Ս. Մանուչարյանին և թիմի անդամներ Ավետիք Հակոբյանին, Գարեգին Զախարյանին, Առնո Մկրտչյանին, Էրիկ Թումանյանին, Արսեն Ավանեսյանին, Նարեկ Խոսրովյանին, Հրաչ Դավթյանին, Սմբատ Սմբաթյանին և մաղթում մարզական նորանոր նվաճումներ:


 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
13.02.2014

Մինչ օրակարգային հարցերի քննարկումն սկսելը խորհրդի նախագահ Լ. Պետրոսյանը ներկաներին շնորհավորեց 2014 թվականի անդրանիկ նիստի կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Խորհրդի նիստի քննարկմանն էին ներկայացված հետևյալ օրակարգային հարցերը.
1. Մասնաճյուղի էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների վիճակի ուսումնասիրության վերլուծությունը և հետագա զարգացման առաջնահերթությունները (տեղեկատվական ռեսուրսների զարգացման ծրագիրը 2012-16թթ. համար):
2. Մասնաճյուղի կայքի սպասարկման աշխատանքների ընթացքը:
Օրակարգային առաջին հարցը խորհրդի քննարկմանը ներկայացրին ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ա. Սարգսյանը և ՏՏ ճարտարագետ Ա. Ավետիսյանը, իսկ ԾՄԱ և ԿԿ բաժնի պետ Ա. Գրիգորյանը և ցանցային ադմինիստրատոր Ա. Ավետիսյանը ներկայացրին մասնաճյուղի պաշտոնական կայքի սպասարման աշխատանքների ընթացքը:
Լսելով և քննարկելով օրակարգային հարցերը` խորհուրդն ընդունեց համապատասխան որոշումներ:


 

Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆԻ

Ցավով կարելի է փաստել, որ 2013 թվականի հունվարի 29-ը ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղիպատմության մեջ մտավ որպես ամենատխուր օրերից մեկն ու հիշատակի օր դարձավ Վաչե Պապիկի Եփրեմյանի կորստով:
2014 թվականի հունվարի 29-ին լրացավ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վ. Եփրեմյանի մահվան մեկ տարին:
Կապանի մասնաճյուղի կոլեկտիվն այսօր իր հարգանքի տուքը մատուցեց Վ. Եփրեմյանին: Առավոտյան մասնաճյուղի ղեկավարությունը և կոլեկտիվի ներկայացուցիչներն այցելեցին ու թարմ ծաղիկներ դրեցին նրա շիրիմին:



Այնուհետև մասնաճյուղի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Վաչե Եփրեմյանի հիշատակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էին նաև նրա հարազատները: Հիշատակի խոսքով ելույթ ունեցան տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ. Պետրոսյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Ա. Սարգսյանը, դոցենտ Տ. Աղամյանը և ԿՏ 24 ակադեմիական խմբի ուսանողուհի Հեղինե Մնացականյանը:
Վաչե Եփրեմյանի հիշատակին նվիրված միջոցառումն ավարտվեց նրա անունով անվանակոչված մասնաճյուղի գլխավոր մասնաշենքի նոր վերանորոգված և կահավորված թիվ 313 լսարանի բացումով:

 


 

ՄԱՐՏԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԽՈՍ

2013 թվականին առաջին անգամ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում ընդունվեց «Մասնաճյուղի լավագույն դասախոս» մրցույթի կանոնակարգը, և 2013 թվականի հոկտեմբերի 10-ից մեկնարկեց 2012-2013 ուստարվա «Մասնաճյուղի լավագույն դասախոս» մրցույթը:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն դասախոս է ճանաչվել «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության» ֆակուլտետի «Ընդերքաբանության և շինարարության» ամբիոնի դասախոս Մարտիկ Գրիգորի Գալստյանը:
ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լ.Ն. Պետրոսյանի հրամանով Մ. Գալստյանը պարգևատրվեց դիպլոմով և դրամական պարգևով: