ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները ճարտարագիտական կադրերով ապահովելու, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացն ապահովելու ռազմավարական նպատակներով ՀՊՃՀ գիտական խորհրդի 1996թ. հոկտեմբերի 2-ի նիստում ընդունվեց որոշում` Կապանի ՈՒԽԿ-ի հիմքի վրա ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի կազմավորման վերաբերյալ:  
1997թ. ապրիլի 3-ին պաշտոնապես արձանագրվեց մասնաճյուղի ծնունդը. այն գրանցվեց ՀՀ Պետական ռեգիստրում` որպես «ՀՊՃՀ Կապանի կրթահամալիր» պետական բյուջետային հիմնարկություն, որով և սկսվեց մասնաճյուղի իրավաբանական գործունեությունը:
2002 թվականի դեկտեմբերի 20-ից Կապանի կրթահամալիրը վերակազմակերպվեց և վերանվանվեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 26-ից` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան /Պոլիտեխնիկ/» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ:
1996/97 ուսումնական տարում մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով «Ընդերքաբանական ճարտարագիտություն» և «Հաշվողական տեխնիկա» մասնագիտություններով սովորում էին 125 ուսանող: Ներկայումս բակալավրի (առկա և հեռակա) կրթական ծրագրով մասնաճյուղում ուսանում են շուրջ 400 ուսանող` հետևյալ մասնագիտություններով. «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /լեռնամետալուրգիական ճյուղում/», «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Օգտակար հանածոների հետախուզում և մշակում», «Մետալուրգիա և նյութագիտություն»: Եթե 1996/97 ուստարում մասնաճյուղում դասավանդում էին 3 գիտության թեկնածու, ապա այժմ մասնաճյուղում դասավանդում են 2 գիտության դոկտոր, պրոֆեսոր և 13 գիտությունների թեկնածու, որոնցից 11-ը` հիմնական դասախոսական կազմից:
Ուսումնական գործընթացը մասնաճյուղում կազմակերպվում և իրականացվում է երկու ֆակուլտետներում.
«Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետ, որն իր կազմում ներառում է «Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների», «Հումանիտար առարկաների և մարմնակրթության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի» ամբիոնները,
«Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության» ֆակուլտետ, որն իր կազմում ներառում է «Ընդերքաբանության և շինարարության», «Մետալուրգիայի և նյութագիտության» ամբիոններն ու Երևանի կրթահամալիրի «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1» ամբիոնի մասնաճյուղը:
Սերտ գործընկերային կապեր են հաստատված Կապանի մասնաճյուղի և տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ինչպես նաև` շուրջ 30 այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջև, որի շնորհիվ, համակարգվել և նպատակաուղղված բնույթ են ստացել մասնաճյուղի ուսանողների արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որոնք հնարավորություն են ընձեռնում հատկապես ճարտարագիտական կադրերի պատրաստման գործընթացի նախապատրաստական փուլն ավարտել պատվիրատու կազմակերպության արտադրական բազայում` մասնագիտական ուսուցումն առավելագույնս համապատասխանեցնելով պատվիրատուի պահանջներին և ապագա աշխատանքի առանձնահատկություններին:
Իր գոյության ընթացքում մասնաճյուղը տվել է 1163 շրջնավարտ, որոնց զգալի մասը աշխատում է մարզի և հանրապետության մի շարք ձեռնարկություններում, իսկ մի մասն էլ արդեն զբաղեցնում է ղեկավար և պատասխանատու պաշտոններ այդ ձեռնարկություննրում:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ՀՊՃՀ-ի և Կապանի մասնաճյուղի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ֆինանսական աջակցությամբ բուհական ավանդույթներ չունեցող Կապանում հաջողվեց ստեղծել Սյունիքի զարգացման համար ստրատեգիական նշանակություն ունեցող բարձրագույն տեխնիկական կրթօջախ, որն իր արժանի տեղն ունի ՀՊՃՀ մյուս մասնաճյուղերի շարքում:
ՀՊՃՀ (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղը ղեկավարել են տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Ալվարո Շավարշի Անտոնյանը (մինչև 1997թ.), տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Հոմեր Մուշեղի Աբրահամյանը (1997թ.), տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Շամիրի Բալասանյանը (1997-2012թ.թ.), մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Նահապետի Պետրոսյանը (2012-2016թթ): 2017թ. փետրվարի 15-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն է ընտրվել տնտ. գ. թ., դոցենտ Արթուր Ռուբենի Կոստանդյանը:
Մասնաճյուղում դասավանդել են նաև բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վաչե Պապիկի Եփրեմյանը (մինչև 2013թ. փետրվար), մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Ալվարո Շավարշի Անտոնյանը (մինչև 2013թ. հոկտեմբեր), որոնց անժամանակ մահը ծանր ու ցավալի կորուստ է մասնաճյուղի համար: