Ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Աշխատանքային այցի ժամանակ դեսպանին ուղեկցում էին Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը նախապատրաստող առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը, Սյունիքում «Русский Дом»-ի ծրագրերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը, Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ողջունեց ՌԴ դեսպանի այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց ուսուցանվող մասնագիտությունները, մասնաճյուղի գործընկեր կազմակերպությունները, հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման տեսլականը: Երկուստեք ընդգծվեց Ռուսաստանի և Հայաստանի միջև ուսումնագիտական և մշակույթային կապերի կարևորությունը, քննարկվեցին ՌԴ դեսպանատան և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի հնարավոր համագործակցության ուղիները:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցն ամփոփվեց պատվիրակության համար կազմակերպված շրջայցով, որի ընթացում նրանք ծանոթացան ուսումնական և աշխատանքային միջավայրին, ռուսաց լեզվի դասավանդման ծրագրային պահանջներին և լսարանային պայմաններին: