Մետալուրգիայի ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 2000 թվականից, երբ ՀԱՊՀ Կապանի կրթահամալիրում ստեղծվեց ՀՊՃՀ Մետալուրգիայի ամբիոնի մասնաճյուղը: 2009 թվականին սեպտեմբեր ամսին ՀՊՃՀ Մետալուրգիայի ամբիոնի հիմքի վրա կազմավորվեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի Մետալուրգիայի ամբիոնը: 2011 թվականի մայիս ամսից Ընդերքաբանության ամբիոնը և Մետալուրգիայի ամբիոնը միաձուլման միջոցով վերակազմակերպվել են Ընդերքաբանության և մետալուրգիայի ամբիոնի: 2013 թվականի փետրվար ամսին Ընդերքաբանության և մետալուրգիայի ամբիոնը բաժանման եղանակով վերակազմակերպվեց Ընդերքաբանության և շինարարության ամբիոնի ու Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի: 2024 թվականի փետրվար ամսից Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնը վերանվանվեց Մետալուրգիայի ամբիոն:
Ամբիոնը ղեկավարել են դասախոս Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանը (2009-2013թթ.), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեյա Սամվելի Աղամյանը (2013թ. փետրվար-օգոստոս), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Ռոբերտի Ավագյանը (2013-2017թթ.), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Արշավիրի Աղայանը (2020-2022թթ.): 2017-2020թթ. և 2022 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է ասիստենտ Հասմիկ Վարդանի Ավագյանը:
Մետալուրգիայի ամբիոնում ներկայումս աշխատում են 3 տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1 ասիստենտ և 1 դասախոս:
Մետալուրգիայի ամբիոնը թողարկում է ճարտարագիտության բակալավրեր «Մետալուրգիա» մասնագիտության «Մետալուրգիա» կրթական ծրագրով՝ առկա և հեռակա ուսուցմամբ:
«Մետալուրգիա» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ճարտարագիտության բակալավրեր` մետալուրգիայի բնագավառի տեխնոլոգիական գործընթացների իրականացման, արտադրական օբյեկտների նախագծման, շահագործման, սպասարկման և փորձարկման համար: Շրջանավարտներն ի վիճակի են կատարել մետաղական ելանյութերի ռացիոնալ կազմի և բաղադրության ուսումնասիրում, վերլուծություն և մետալուրգիական առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված արդյունքների մշակում, գունավոր մետաղների ստացման օպտիմալ և ռացիոնալ ճարտարագիտական լուծումների, այդ թվում բնապահպանական միջոցառումների ընտրում և իրականացում: