ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարի ներկայացման նպատակով տեղի ունեցավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի աշխատանքային հանդիպումը մասնաճյուղի աշխատակազմի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենի պաշտոնակատար և ներկայիս ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կոստանդյանը:
Ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջույնի խոսքում ընդգծեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կարևորությունը Սյունիքի մարզի զարգացման գործում՝ նշելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղերը մշտապես գտնվում են մայր բուհի ուշադրության կենտրոնում, և բուհի ղեկավարությունը աջակցում է մասնաճյուղերի զարգացման ծրագրերին:
Ռեկտորը նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Կոստանդյանին՝ վեց տարիների կատարած աշխատանքի համար, այնուհետև ներկայացրեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին՝ ընդգծելով կրթության և գիտության ոլորտում նրա աշխատանքային հարուստ փորձը, պրոֆեսիոնալիզմը և վստահեցրեց, որ պրոֆեսոր Պետրոսյանի ղեկավարությամբ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը կունենա նոր ձեռքբերումներ:
Լեռնիկ Պետրոսյանին շնորհավորեց և հաջողություն մաղթեց նաև Արթուր Կոստանդյանը, այնուհետև շնորհակալություն հայտնեց Կապանի մասնաճյուղի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ներուժը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը:
Շնորհավորելով ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ևս ընդգծեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կարևորությունը Սյունիքի մարզի համար և պատրաստակամություն հայնտեց աջակցելու մասնաճյուղին:
Հանդիպումը եզրափակեց պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին պատասխանատու պաշտոնը վստահելու համար և հավաստիացրեց, որ իր ղեկավարությամբ մասնաճյուղը կունենա ուսումնական ու գիտատեխնիկական առաջընթաց և մեծ պատասխանատվությամբ կկատարի իր առաքելությունը: