ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության փոխհամագործակցության շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Սպահանի տեխնոլոգիական համալսարանի և Սպահանի համալսարանի համատեղ պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Սպահանի տեխնոլոգիական համալսարանից՝ Գիտական և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն, դոցենտ Փայմանա Մոսադեղը, գիտությունների թեկնածու Ահմադ Ռեզա Մոխտարին, իսկ Սպահանի համալսարանից՝ գիտությունների թեկնածու Մեյսամ Թադայունը և հայոց լեզվի և գրականության դասախոս, գիտությունների թեկնածու Մալեք Մոհամմադին:
Պատվիրակությանն ուղեկցում էին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին և գլխավոր հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավին:
Պատվիրակությանը դիմավորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար, մ.գ.դ., պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Այնուհետև, ըստ նախապես պլանավորված պաշտոնական ծրագրի, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Տիմեյա Աղամյանի ուղեկցությամբ պատվիրակությունն ճանաչողական այց կատարեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ:
Որից հետո ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպումը: Նախ պատվիրակության անդամների համար կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում, որի ընթացքում նրանք ծանոթացան ուսումնագիտական լաբորատոր բազային, Տեխնոլոգիական կենտրոնում իրականացվող ծրագրերին, ականատես եղան «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությանը:
Հաջորդիվ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում պատվիրակությունը հանդիպեց մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Մասնաճյուղի տնօրեն պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց պատվիրակության անդամներին, նշելով, որ այս օրը շատ հիշարժան օր է մասնաճյուղի համար, քանի որ առաջին անգամ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց արտասահմանյան հայտնի երկու բուհերի պաշտոնական համատեղ պատվիրակությանը և հույս հայտնեց, որ Սպահանի բուհերը և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը կունենան երկարատև համագործակցային փոխշահավետ կապեր:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի օգնական, տ.գ.թ., դոցենտ Արամ Գրիգորյանը հակիրճ և բովանդակալից ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, անցած ուղին, առաքելությունը, կառուցվածքը և մասնագիտությունները: Սպահանի համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին համալսարանների գիտական ներուժը, գիտահետազոտական լաբորատորիաները, իրականացվող միջազգային ծրագրերը և Կապանի մասնաճյուղի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները:
Համատեղ պատվիրակության ղեկավար, դոցենտ Փայմանա Մոսադեղը համալսարանների ղեկավարների անունից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղին հրավիրեց պաշտոնական այցի Սպահանի համալսարաններ:
Հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում, հարցուպատասխանների ձևաչափով, կառուցողական և ջերմ:
Վերջում մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամիին, գլխավոր հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավիին և պատվիրակության անդամներին:
Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակության համար կազմակերպվեց այց Կապանի Երկրագիտական թանգարան և Կապանի ժամանակակից արվեստի պատկերասրահ, որտեղ թանգարանի տնօրենի և պատկերասրահի աշխատակցի՝ թանգարանային նմուշների և կտավների շատ հետաքրքիր ներկայացման միջոցով ծանոթացան տարածաշրջանի և Կապան քաղաքի մշակութային արժեքներին, արվեստի գործերին: Հյուրերն հիացած էին Երկրագիտական թանգարանի յուրօրինակ նմուշներով, որոնք ներկայացնում են ազգային պատմությունը ու մշակույթը:
Պատվիրակության անդամներն անչափ տպավորված էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ղեկավարության և աշխատակիցների ջերմ ընդունելությունից: