Մասնաճյուղը, հիմնականում ՀՊՃՀ շրջանակներում, շարունակաբար ընդլայնում է համագործակցությունը արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-երի հետ:
Կապանի մասնաճյուղն ընդգրկած է Իլմենաուի (Գերմանիա) տեխնիկական համալսարանի (ԻՏՀ) համակարգմամբ, եվրոպական երկրների 9 բուհի եւ 13 ընկերության մասնակցությամբ իրականացվող TEMPUS «Արտադրական համագործակցություն և հեռավար ու վիրտուալ գործիքամիջոցների վրա հիմնված ստեղծագործ ճարտարագիտական կրթություն» ծրագրին, ինչպես նաև ՀԱՊՀ-ի կազմում մասնակցում է Եվրամիության TEMPUS ծրագրի «Համալսարան-գործատու հայկական համակարգման գործակալություն» ARARAT ծրագրին:


TEMPUS ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՊՀ-Ի ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈւՂՈւՄ

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարձրագույն կրթության միջազգայնացման և եվրոպական կրթական միասնական տարածք ապահովելու նպատակով ուսանողների կոմպետենցիաների և ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված ուսանողակենտրոն «Թյունինգյան մեթոդաբանության» կիրառումը պահանջում է բարձրագույն մասնագիտական ուսումնական գործընթացում կրթության կազմակերպման նորագույն միջոցների հրատապ ներդրում: Այդպիսի միջոցներից է Իլմենաուի տեխնոլոգիական համալսարանի (ԻՏՀ, Գերմանիա) համակարգմամբ, ՀԱՊՀ Երևանի կրթահամալիրի, Կապանի մասնաճյուղի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և յոթ եվրոպական բուհի ու տասնմեկ ընկերության մասնակցությամբ իրականացվող “Արդյունաբերական համագործակցություն և հեռավար ճարտարագիտության ու վիրտուալ գործիքակազմի վրա հիմնված ստեղծագործական ճարտարագիտական կրթություն” 530278-TEMPUS-1-2012-1-DE-TEMPUS-JPHE միջազգային նախագծի կատարման ընթացքում մշակվող ուսումնական մոդուլները և ԻՏՀ-ի ինտեգրացված կապի համակարգերի դեպարտամենտի կողմից մշակված GOLDI (Grid of Online Laboratory Devices Ilmenau` Իլմենաուի հեռավար լաբորատոր սարքերի ցանց) հիբրիդային լաբորատորիան:
Մասնաճյուղի դասախոսների, շրջանավարտների ու գործատուների շրջանում կատարված հարցումների արդյունքների և տարածաշրջանի ճարտարագիտական մասնագիտությունների աշխատաշուկայի առկա վիճակի վերլուծություն հիման վրա որոշվել են պահանջարկվող մասնագետների ուղղվածությունը և ապագա ճարտարագետներին անհրաժեշտ կոմպետենցիաների կազմը: Դրանից և մասնաճյուղում տեղադրվելիք հեռավար հիբրիդային լաբորատորիայի բնույթից ելնելով ընտրվել են այն մասնագիտական ուղղությունները, որոնց համապատասխան նախագծի մասնաճյուղային կատարող խումբը ձեռնամուխ է եղել երեք հետևյալ ուսումնական մոդուլների մշակմանը.

  • “Թվային համակարգերի քոմփյութերային մոդելավորում` արագ նախատիպավորման մեթոդի կիրառությամբ” (մշակող` տ.գ.դ., դոց. Ս.Շ. Բալասանյան),
  • “Տեխնոլոգիական գործընթացների քոմփյութերացված կառավարում` ներդրված կոնտրոլերների կիրառությամբ” (մշակողներ` Ս.Շ. Բալասանյան, դասախոս Հ.Մ. Գևորգյան),
  • “Թվային կառավարման համակարգերի նախագծում” (մշակողներ` Ս.Շ. Բալասանյան, դասախոս
    Մ.Ա. Աղագուլյան):

Վերոնշյալ մոդուլներից առաջին երկուսը նախատեսված են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ավտոմատացման ոլորտի արդյունաբերական
մասնագետների վերապատրաստման համար, իսկ երրորդ մոդուլը`ՏՏ մասնագիտության ուսանողների խորացված ուսուցման համար:
2014 թ. հունիսին մոդուլների հեղինակները մասնակցեցին ուսումնական մոդուլների մշակման մեթոդների և հեռավար հիբրիդային լաբորատորիայի ուսումնասիրման նպատակով Իլմենաուի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպված վարժանքին:

Տեմպուս նախագծի մասնակիցները ԻՀՏ-ում

Ուսումնական մոդուլների նախագծերի ներկայացումը ԻՀՏ-ում (Գերմանիա)

Միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված մոդուլների նախնական տարբերակները 2015 թ. հունվարին ներկայացվեցին  Վիլախում (Ավստրիա) կայացած Տեմպուս նախագծի կատարողների հանդիպմանը և  արժանացան “Որակ Ավստրիա. Ուսուցում, Սերտիֆիկացում և Գնահատում” ընկերության մասնագետների հավանությանը:
Մշակված մոդուլները (հայերեն և անգլերեն լեզուներով) տեղադրվել են մասնաճյուղի հեռավար ուսուցման MOODLE (Modular Object-Oriented DynamicLearning Environment ` մոդուլային օբյեկտակողմնորոշված դինամիկ ուսումնական միջավայր) պորտալում (moodle.seuakapan.com կայքում) և հասանելի են ինչպես ուսանողների, դասախոսների, այնպես էլ արդյունաբերությունում աշխատող մասնագետների համար: Նշված պորտալում կտեղադրվեն նաև նախագծի մասնակից բուհերի (Ուկրաինայի և Վրաստանի) մշակած հինգ մոդուլները հայերեն լեզվով:

Մոդուլների քննարկումը Վիլախում (Ավստրիա)

Մասնաճյուղում 2015թ. փետրվարից ԻՏՀ-ի մասնագետների աջակցությամբ սկսվել է 23200 եվրո արժողությամբ GOLDI հեռավար հիբրիդային լաբորատորիայի տեղակայման և կարգաբերման աշխատանքները: Հեռավար լաբորատորիայի կազմում գտնվող էլեկտրամեխանիկական մոդելների ու ծրագրային ապահովման տեղադրման և կարգաբերման նպատակով 2015թ. հուլիսին Կապանի մասնաճյուղ էին գործուղվել Իլմենաուի համալսարանի մասնագետներ Տոբիաս Ֆիտցկեն և Քրիստիան Լյուտցեն:

ԻՀՏ-ի մասնագետները  մասնաճյուղում

GOLDI-ն նախատեսված է “Տեղեկատվական տեխնոլոգիաներ” մասնագիտության մի շարք մասնագիտական առարկաների գործնական ու լաբորատոր պարապմունքների դասավանդման համար և հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ ներդրված կառավարման համակարգերի մշակման բնագավառում: Այն կիրականացվի համացանցի օգտագործմամբ կազմակերպվող հեռավար ուսուցման միջոցով և կունենա միջազգային մակարդակով դասընթացներ կազմակերպելու հնարավորություն: Բացի այդ, ուսանողությունը հնարավորություն կստանա պարապմունքներին մասնակցել առավել ճկուն, անհատական դասացուցակով: Միաժամանակ, նշված առավելությունները կնվազեցնեն ուսումնական ծախսերը և կբարձրացնեն ուսման որակը` առաջարկելով մասնագիտական ուսուցման առավել գրավիչ, մատչելի և գործնական լայն հնարավորություններով օժտված արդիական միջոցներ:
Բացի ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղից, GOLDI լաբորատորիան ձեռք են բերել նաև ՀԱՊՀ-ի Երևանյան կրթահամալիրը, Հայ-Ամերիկյան համալսարանը և Զապորոժիեյի (Ուկրաինա) ազգային տեխնիկական համալսարանը: Նշված հաստատությունների GOLDI լաբորատորիաները փոխադարձ հասանելի են http://goldi-labs.net/ վեբ կայքի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս հեռավար լաբորատոր գիտափորձեր անցկացնել հիշյալ հաստատություններից յուրաքանչյուրի լաբորատորիայում:
GOLDI հեռավար լաբորատորիան ուսումնասիրելու և ուսումնական գործընթացում ներդրման նպատակով 2015թ. օգոստոսի 17-ից մինչև 19-ը Երևանում` ՀԱՊՀ-ում կազմակերպվեց ուսումնական մոդուլները մշակող դասախոսների վարժանք, որի ընթացքում ունկնդիրներին ներկայացվեցին GOLDI-ի և թվային կառավարման համակարգերի նախագծման արդիական գործիքակազմի (Quartus II, Atmel Studio) կիրառությամբ հեռավար լաբորատոր գիտափորձերի անցկացման տեսական ու գործնական միջոցներ:
Ուսումնական մոդուլների վերջնական տարբերակների մշակումից հետո դրանց կիրառությամբ մարզի արդյունաբերական ձեռնարկությունների մասնագետների և Կապանի մասնաճյուղի ՏՏ մասնագիտության ուսանողների հետ կկազմակերպվեն փորձնական (պիլոտային) վարժանքներ, որոնք կվերահսկվեն “Որակ Ավստրիա. Ուսուցում, Սերտիֆիկացում և Գնահատում” ընկերության մասնագետների կողմից: Վարժանքների ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ունկնդիրներին կտրվեն միջազգային նմուշի հավաստագրեր:
Տեմպուս նախագծի վերոնշյալ արդյունքների ներդրման շնորհիվ ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը կարող է դառնալ ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի ՏՏ ոլորտի մասնագետներին և ուսանողներին կրթական ծառայություններ մատուցող տարածաշրջանային վարժանքի կենտրոն:

Տեմպուս նախագծի տեղային համակարգող,
ԳԱ գծով տնօրենի տեղակալ
Ս.Շ. Բալասանյան