ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի աշխատանքային հանդիպումը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ներկայացուցիչ Նելլի Մինասյանի և փորձագետ Մարիելա Աթանասովայի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Կապանի համայնքապետարանի Տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը և բաժնի առաջատար մասնագետ Աննա Սարգսյանը:
Հանդիպման ժամանակ ՄԱԶԾ-ի և համայնքապետարանի ներկայացուցիչները ներկայացրեցին ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի նպատակները և խնդիրները:
Տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց մասնաճյուղի ծրագրերը և զարգացման հեռանկարները, որից հետո քննարկվեց ծրագրի շրջանակներում փոխհամագործակցության ուղիները:
ՄԱԶԾ-ի փորձագետ Մարիելա Աթանասովան հանդիպեց նաև մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտություններով սովորող ուսանողների հետ:
Հանդիպման վերջում հյուրերը ծանոթացան ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնական պայմաններին, լաբորատոր բազային և հույս հայտնեցին, որ հնարավորություններ կստեղծվեն գրասենյակի և մասնաճյուղի փոխհամագործակցության իրականացման համար: