Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ապրիլի 18-ին կազմակերպեց «Հիշում եմ և պահանջում» խորագրով ցերեկույթ:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով նշեց, որ հարյուր տարի առաջ Թուրքիան ծրագրեց ու իրագործեց աշխարհում նախադեպը չունեցող ոճրագործություն և այս միջոցառման միջոցով, միանալով համայն հայությանը, ցանկանում ենք դատապարտել հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի իշխանությունների գործած ծանրագույն հանցագործությունը, որը հանցագործություն է նաև ողջ մարդկության հանդեպ: Հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ուզում ենք հիշեցնել, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի և պահանջում ենք, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը և ողջ թուրք ժողովուրդը, պաշտոնապես ընդունեն և դատապարտեն իրենց նախնիների գործած ոճիրը: Միաժամանակ կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին` ընդունել ու դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ կատարած մեծ ոճրագործությունը, որը երաշխիք կծառայի հետագայում բացառելու ցեղասպանությունները:
Այնուհետև ելույթ ունեցան մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Սարգսյանը («Ցեղասպանություն. իրագործման մեխանիզմը»), ԿՏ 24 խմբի ուսանողուհի Հեղինե Մնացականյանը («Հայտնի օտարազգի գործիչները Հայոց ցեղասպանության մասին»), պատմության դասախոս Արմեն Գևորգյանը («Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումն Օսմանյան կայսրության թաղաքականության շարունակություն»): Ցերեկույթի ժամանակ ԿՏ 44 խմբի ուսանող Գոռ Միրզոյանի կատարմամբ հնչեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից և Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը:

Leave a Comment