Այսօր՝ 2018թ-ի մարտի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավար պարոն Պոլոսկովի հետ: Հանդիսավոր նիստը բացեց մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով ողջունեց հյուրերին, այնուհետև, ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը՝ նշելով, որ մասնաճյուղի զարգացման գործում անգնահատելի է <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի դերը և Սյունիքի մարզպետի աջակցությունը:
Ելույթ ունեցավ Վահե Հակոբյանը, ով ներկայացրեց <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի կողմից տրվող << Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակի տրման ձևաչափում տեղի ունեցած փոփոխությունները:
Այնուհետև, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և << ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավար Մհեր Պոլոսկովը հաճելի առաքելություն իրականացրեցին՝ պարգևատրելով մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող (90 և բարձր ՄՈԳ ունեցող գերազանց սովորող) 30 ուսանողի՝ << Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակով:
Իրենց շնորհակալական խոսքերով հանդես եկան պարգևատրված որոշ ուսանողներ, ովքեր կարևորեցին Սյունիքի մարզպետի և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավարության աջակցությունը՝ ուսանողությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
Հանդիպման ընթացքում մասնաճյուղի ղեկավարության և ուսանողների կողմից գիտահետազոտական թեմաների ֆինանսավորման, ուսանողների արտադրական պրակտիկաների կազմակերպման, մասնաճյուղի գիտական խորհրդի կազմում <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ից մշտական անդամ ունենալու վերաբերյալ հարցեր ուղղվեցին պարոն Հակոբյանին և պարոն Պոլոսկովին: Մեծարգո հյուրերը ընդգծեցին նշված հարցերի կարևորությունը և խոստացան դրական լուծում տալ:
Հանդիպման վերջում պարոն Կոստանդյանը մասնաճյուղի կողմից իր շնորհակալական խոսքն ուղղեց նրանց և որպես հուշանվեր՝ գրքեր նվիրեց:

Leave a Comment