Սույն թվականի մարտի 13-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը: Հանդիպում-քննարկման ընթացքում Հենրիկ Միրզոյանը մանրամասն և հետաքրքիր ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային պետական ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Մասնավորապես՝ դրամաշնորհային մրցույթների միջոցով սկսնակ ընկերություններին տրամադրել ֆինանսավորում՝ գաղափարի և աճի փուլերում ապահովելու արտադրանքի զարգացումը և մուտքը դեպի շուկա:
Ուսանողներին հանգամանալից ներկայացվեց նաև «Գաղափարի» փուլի դրամաշնորհային մրցույթի պայմանները և տրամադրվող առավելագույն գումարի չափը, որը կազմում է 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթի շրջանակում «Շուկա մուտք գործելու» փուլի պայմանները և տրամադրվող առավելագույն գումարի չափը, որը կազմում է առավելագույնը 10 միլիոն ՀՀ դրամ։
Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչեցին հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Վերջում մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանին՝ նման արդյունավետ տեղեկատվության համար, և ծանոթացրեց մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում իրականացվող աշխատանքներին: