Ապրիլի 8-ին մասնաճյուղն իր հյուրընկալ դռներն էր բացել Կապանի, Քաջարանի, Մեղրու և Ագարակի ավարտական դասարանների աշակերտների համար: Այդ օրը ապագա դիմորդներն հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզի տարբեր ձեռնարկություններում աշխատող մասնաճյուղի շրջանավարտները:
Հանդիպման սկիզբը մեկնարկեց մասնաճյուղի ընթերցասրահում, որտեղ հյուրերին ողջունեց տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և ներկայացրեց տեղեկատվություն մասնաճյուղում ուսուցանվող մասնագիտությունների, մասնագիտական ամբիոնների, լաբորատորիաների, ուսուցման պայմանների, մասնաճյուղում աշխատող դասախոսական անձնակազմի և մասնաճյուղի հետ համագործակցող կազմակերպությունների մասին:
Այնուհետև ելույթ ունեցան տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող մասնաճյուղի մի քանի շրջանավարտներ. Աննա Փարամազյանը («ԴՓՄԿ» ՓԲԸ, հետազոտական լաբորատորիայի վարիչ), Դավիթ Աբգարյանը («ԼեռԷքս» ՍՊԸ, հանքի գլխավոր ճարտարագետ) և Արմենակ Գրիգորյանը («ԴՓՄԿ» ՓԲԸ, հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար), ովքեր ապագա դիմորդներին խորհուրդ տվեցին սովորելու Կապանի մասնաճյուղում` իրենց օրինակով ներկայացնելով այն առավելությունները, որն իրենց կարծիքով, ապագա ուսանողներին կընձեռնի ուսումնառությունը մասնաճյուղում, իսկ ուսխորհրդի նախագահ, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Լիաննա Սարգսյանն ապագա դիմորդներին ներկայացրեց մասնաճյուղի ուսանողական առօրյան:
Ընդհանուր հանդիպումից հետո ապագա դիմորդները ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան անձամբ տեսնել և գնահատել մասնաճյուղի շենքային պայմանները, լաբորատորիաները և ուսումնանյութական բազան:
Բաց դռների օրն ավարտվեց ընթերցասրահում կազմակերպված կարճ ամփոփմամբ, որի ընթացքում մասնաճյուղի ղեկավարությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին:

Leave a Comment