Մարտի 28-ին և 29-ին «Հայասատանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում առաջին անգամ անցկացվեց «ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ն, որին մասնակցեցին ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի, Կապանի մասնաճյուղի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանավարտներ, տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների ղեկավարներ, բարձր դասարանների աշակերտներ և մանկավարժներ, քոլեջների ղեկավարներ, ուսանողներ և դասախոսներ, «Սյունյաց երկիր» մարզային թերթի և «Սյունիք» հեռուստաընկերության (Սյունիք TV) ներկայացուցիչներ:
ԷՔՍՊՈ-ի մեկնարկը տրվեց հանդիսավոր բացման արարողությամբ: ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղերձը, այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Միլենա Հարությունյանը:
Հանդիսավոր բացման արարողությունից հետո ԷՔՍՊՈ-ի մասնակիցների համար Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց մասնագիտացված ցուցահանդես: Թվով վեց տաղավարներում ներկայացված էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մասնագիտությունները, իսկ չորս տաղավարներում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Zealous» ՓԲԸ-ն, «Մարիլա» ՍՊԸ-ն և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև եռաչափ տպիչով մասնաճյուղի ուսանողների պատրաստած նմուշներ և «ԱՐՄԱԹՆ օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցում աշակերտների պատրաստած մոդելներ:
Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում ցուցադրվում էր ՀԱՊՀ-ի և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գործունեությանը վերաբերող տեսահոլովակ:
ԷՔՍՊՈ-ի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում ուսուցանվող մասնագիտություններին, ապագա աշխատանքի հնարավորություններին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ի առաջին օրն եզրափակվեց անօդաչու թռչող սարքերի թռիչքների ցուցադրումով:
ԷՔՍՊՈ-ի երկրորդ օրը սկսվեց մասնաճյուղում դպրոցականների շրջայցով, որի ժամանակ նրանք ծանոթացան ուսուցման կազմակերպման պայմաններին, լաբորատորիաներին և Տեխնոլոգիական կենտրոնի հնարավորություններին: Աշակերտների համար անցկացվեցին նաև լաբորատոր փորձեր և «Մասնագիտական ներածության տարրեր» թեմայով բաց դասեր:
Այնուհետև ԷՔՍՊՈ-ի մասնակից աշակերտներին սպասվում էր գեղեցիկ անակնկալ. նրանց տրվեցին «ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ին վերաբերող հուշանվերներ:
ԷՔՍՊՈ-ի շրջանակներում նաև ուսանողների համար վարպետաց դասեր անցկացրեցին ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը և Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր, տեխն. գիտ. դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղբալյանը:
«ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ն եզրափակվեց «Տարածաշրջանում ճարտարագիտական կրթության կազմակերպման խնդիրները» խորագրով աշխատաժողովով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին ԷՔՍՊՈ-ի անցկացման կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց մասնաճյուղում ճարտարագիտական կրթության կազմակերպաման որակի և արդյունավետության բարձրացմանը միտված աշխատանքները: Աշխատաժողովում քննարկվող խնդիրների շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին նաև պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր ինժեների տեղակալ Դավիթ Աղամյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիայի պետ Անդրանիկ Ավագյանը, ԱԱԲ Քոնսթրաքշն ընկերության հորատապայթեցման աշխատանքների պետ Կարեն Հովհաննիսյանը և գործընկեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ավարտին «ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ն եզրափակեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով առանձնակի կարևորեց գործատուների, շրջանավարտների և դպրոցների հետ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի շարունակ զարգացող համագործակցային կապերը, ինչի վառ ապացույցներից է կազմակերպված ԷՔՍՊՈ-ն:

Leave a Comment

one + one =